
«Հայկական ժամանակը» գրում է.
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
3-ը տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ 4-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: «Արմենիա» բժշկական կենտրոնի «Սուր թունավորման» բաժնի վարիչ Միքայել Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ 4 մեծահասակների մոտ թունավորման պատճառը եղել է շմոլ գազ: Նրանք արդեն դուրս են գրվել, քանի որ որևէ խնդիր չեն ունեցել:
3 անչափահաս երեխաները՝ 13-ամյա Ա. Զ.-ն, 4-ամյա Ն. Գ.-ն, 3-ամյա Ա. Ա.-ն, «Մուրացանում» ստացել են համապատասխան բուժօգնություն: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ երեխաները նույնպես որևէ խնդիր չունեն և անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո այժմ պատրաստվում են դուրսգրման:
Նրանց թունավորման պատճառը նույնպես շմոլ գազն է եղել: