
Օգոստոսի 4-ին սարսափելի պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի նավահանգստի տարածքում դարձյալ մեծ հրդեհ է բռնկվել։ Վարկածներից մեկով հրդեհը բռնկվել է անվադողերի ու յուղի խանութի այրվելուց հետո։
Araratnews.am-ը կապ հաստատեց Բեյրութի բնակիչներից մեկի` տիկին Արշալույսի հետ։ Նրա ձայնը մի քիչ տագնապած էր. պայթյունից հետո նոր էին տունը վերանորոգել, մաքրության աշխատանքներ են անում, հիմա էլ հրդեհը։ Թեպետ իշխանությունները վստահեցնում են, որ վտանգավոր ոչինչ չկա, բայց տիկին Արշալույսի խոսքերով, իրենք վաղուց չեն հավատում նրանց խոսքերին։ Փողոցում, որտեղ ապրում է մեր զրուցակցի ընտանիքը, երեթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է, որպեսզի շտապօգնության եւ հրշեջ մեքենաները առանց խոչընդոտի ազատ անցնեն։
Ծխի հսկայական սեւ քուլաները, ըստ մեր զրուցակցի, անիվների այրվելու հետեւանք է. այդ տեղանքում բավականին մեծ քանակությամբ ռետինե անվադողեր կային, որոնց դյուրավառության պատճառով կրակի մարումը դժվարացել է։