Ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր:

Երկրորդ գոտեմարտում 2019 թ. Եվրոպայի չեմպիոնը 8:2 հաշվով հաղթել է 2021 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովին:

Հոկտեմբերի 2-ին՝ երեկոյան մրցահերթում, 21-ամյա Արսեն Հարությունյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Դաթոն Դուեյն Ֆիքսի հետ: Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն ճապոնացի Տոշիհիրո Հասեգավան ու ռուսաստանցի Աբասգաջի Մոգամեդովը:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 18:10 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ հոկտեմբերի 4-ին: Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ուժերը կչափի բրիտանացի Ջորջ Էնթոնի Ռամի հետ, իսկ Արման Ավագյանի մրցակիցն է ուկրաինացի Ռուստամ Ռասուևը: Արման Անդրեասյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կմրցի Կարումա Գեդարա (Շրի Լանկա)–Էրնազար Ակմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։

317