«Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու բանակցային գործընթացից, խաղաղության օրակարգից։ Մեր երկիրն այս վիճակին հասցնողը հենց Քոչարյանն է ու իր ղարաբաղյան կլանը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար  Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Քոչարյանն անդրադարձ է կատարել բանակցային գործընթացին, նկատել, որ Հարավային Կովկասում լուրջ գործընթացներ են ընթանում, սակայն «Հայաստանը որպես գործոն կա՛մ դադարել է գոյություն ունենալ, կա՛մ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը»։ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում աճել է, և Ռուսաստանը չի կարող այս հանգամանքի հետ հաշվի չնստել։ «...Հիմա խոսում ենք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես։ Դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու ժամանակ։ Ամենազավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության։ Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց օբյեկտ ես։ Չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում։ Ծնկների վրա բանակցելն ուղղակի հարմար չէ, մարդ չոքած հոգնում է, չի ստացվելու։ Դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Քոչարյանը Արցախը դուրս թողեց բանակցություններից, ինքն է խոստացել, որ տարածքները հետ է տալու, ինքն է խոստացել, որ Մեղրին տալու է։ Հիմա ի՞նչ իրավունքով է նման բաներ ասում։ Նա բացարձակապես բարոյական իրավունք չունի խոսելու։ Նրա տեղը քաղաքականությունը չի։ Հաստատ ուրիշ տեղ է։ Թող գնա իր տեղն ու ձայն չհանի։ Ինքն ո՞վ է առհասարակ։ Ինքը մերժված մարդ է ու ոչ մի բարոյական իրավունք չունի որևէ կարծիք հայտնելու։ Ժողովուրդը շատ լավ հիշողություն ունի և ամեն ինչ փայլուն հիշում է»,- Քոչարյանին հակադարձեց Գրիգոր Հարությունյանը՝ հավելելով, որ Քոչարյանը որքան քննադատի օրվա իշխանություններին, դա նշանակում է, որ իշխանությունները ճիշտ են աշխատում՝ սկսած խաղաղության օրակարգից։  

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա Քոչարյանն ընդամենը իր լսարանի ականջների համար հաճո բաներ է ասում, որ պահի այդ մարդկանց իր կողքը։ Ոչինչ ավելին։ Ոչ մի լուրջ բան։ «Հիմա, որ էս բանակի հանցագործությունները բացահայտվում են, մեր ամբողջ կորուստը, երեխեքի մեղքը իրենց խղճին է, մեր  կորուստները նախորդ իշխանության խղճին են, ու դեռ շատ բան կբացահայտվի»,- եզրափակեց Հարությունյանը։

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ Քոչարյանի կողմից բանակցային գործընթացի մասին խոսելը նույնն է, ինչ անբարոյականը խոսի բարոյականությունից: «Մարդը, ով փորձում է հանդես գալ որպես հայրենասեր, պետք է ունենա մաքուր անցյալ, պետք է կաշառակեր եղած չլինի, թալանչի չլինի։ Բայց մինչև ուղնուծուծը մեղքերի մեջ թաղված մարդը, կեղծիքի, սրիկայության, չարիքի մեջ թաղված մարդը, ժողովրդին հարստահարած, երկիրը կողոպտած մարդը, արյան ու դիակների վրայով իշխանության եկածը հիմա ոչ մի իրավունք չունի խոսելու բարձր բաներից, հայրենասիրությունից, բանակցելուց, հայրենիքից։ Դա նույնն է, թե պոռնիկը դուրս գա և բարոյականությունից խոսի, ասի՝ պոռնկությամբ մի զբաղվեք, դա շատ վատ բան է։ Հիմա Արցախը բանակցային գործընթացից դուրս թողածը, Մեղրին հանձնելու պատրաստ մարդը խոսում է բանակցությունների՞ց, ծնկաչոք բանակցելո՞ւց: Հենց Մեղրու տարբերակի պատճառով սուր հակասություններ առաջ եկան Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Դեմիրճյանի միջև։ Հիմա նոր փաստեր են ի հայտ գալիս, որ Մեղրու տարբերակին դեմ եղածներին հենց իրենք են ասպարեզից դուրս հանել։ Ժողովուրդը հիշողությունը չի կորցրել, մարդիկ շատ լավ ամեն բան հիշում են»,- ընդգծեց Մալխասյանը։ 

2087