Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրել է, որ նախագիծը նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը եւ դրան հաղորդելու տարածքային համաչափ զարգացման նշանակություն: Նախագծի ընդունմամբ կարգավորմանը կտրվի ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

Արման Պողոսյանը մանրամասն ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները Երեւան քաղաքի 4 գոտիներում: Նշվել է, որ ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկվել է սահմանված արտոնությունները կիրառել այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Զեկուցողը պատասխանել է համակարգում առկա արհեստական պահանջարկին եւ գնաճին, տարածքների համաչափ զարգացմանը վերաբերող հարցերին:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝  առաջարկվող փոփոխությունները հավասրակշռված, ցնցումներից զերծ պահող եւ կանխատեսելիություն ապահովող լուծումներ են: Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են ծրագրի սոցիալական բաղադրիչին, Հայաստանի շրջաններում բնակարանաշինության զարգացման հեռանկարներին:

Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծի այս տարբերակին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբակցությունը կներկայացնի առաջարկություններ:

Եզրափակիչ ելույթում Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը շինարարության համակարգի վերականգնումն է:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը եզրափակիչ ելույթում պատասխանել է հնչեցված դիտարկումներին:

311