Հայաստանի սահմանային անցակետի արդիականացումը կարևոր նշանակություն ունի. Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների թվայնացման ուղղությամբ. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը: Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է՝ առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու:  

Բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանահատման համար անհրաժեշտ  յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակ և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:

ՊԵԿ ղեկավարն աշխատանքային այցի շրջանակում դիտարկել է սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման պայմանները: Նա շրջել է անցակետի տարածքով, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով: Ռուստամ Բադասյանը հանձնարարել է շարունակել մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը՝ կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

159