Հոկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում արձանագրվել են օնլայն ռեսուրսների զանգվածային անջատումներ։ Գլոբալ խափանման են ենթարկվել Facebook-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը, այն ազդել է նաեւ Google-ի, Twitter-ի եւ այլ խոշոր հարթակների վրա։
Գլոբալ խափանումից հետո շատ օգտատերեր կոչ էին անում փոխել էջերի գաղտնաբառերը՝ պաշտպանվելու համար։
Araratnews.am-ը դիմել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանին՝ պարզելու, թե արդյոք պետք է փոխել էջերի գաղտնաբառերը գլոբալ խափանումից հետո։
«Չէ, պետք չի գաղտնաբառ փոխել։ Այդ գլոբալ խափանումը առհասարակ կապ չունի այդպիսի բաների հետ։ Facebook-ը պաշտոնապես հայտարարել էր, որ դա եղել է ներքին տեխնիկական խնդիր եւ ինչ-որ արտահոսքերի դա չի բերի»,- ասաց Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով, սովորաբար, այդպիսի խնդիրների առկայության դեպքում, տվյալ սոցիալական ցանցի պաշտոնական ներկայացուցիչները զգուշացնում կամ պարտադրում են, որ մարդիկ գաղտնաբառեր փոխեն։
«Ովքեր շատ մտահոգ են, կարող են փոխել իրենց գաղտնաբառերը եւ վերջում թող անպայման 17 գրեն»,- կատակեց Մարտիրոսյանը։
Մասնագետը հիշեցրեց, որ միշտ էլ պետք է զգույշ լինել, սակայն առնվազն այս պահին գաղտնաբառ փոխելու կարիք չկա։
Մարիամ Գեւորգյան