ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել: Այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ, ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ (պատվաստման կամ թեստավորման պահանջ-խմբ.)»,-ասել է Ավանեսյանը:

Նախարարությունը հիմա աշխատում է դրա վրա: «Հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպես պետք է լինեն և երկու շաբաթվա ընթացքում արդեն նախնական նախագիծը կունենանք»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը շեշտեց, որ մեծաթիվ համերգներ են տեղի ունենում, որոնք վարակի տարածման առումով վտանգավոր են, և պետք է նման պահանջը գործի նաև համերգների, ռեստորանների համար:

Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից:

1in.am

264