
Այսօր կառավարության նիստում քննարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց ատեստավորման արդյունքներն ըստ առարկաների և մարզերի:
«Ընդհանուր առմամբ ատեստավորման համար դիմել են 1372 ուսուցիչ, որոնցից բուն ատեստավորմանը մասնակցել են 996-ը: Մասնակից 996 ուսուցիչներից 468-ը, ըստ ատեստավորման արդյունքների, կստանան 30,40 և 50 տոկոս հավելավճար: Այս փուլում ատեստավորում են անցել 7-12 դասարանների ուսուցիչները 7 առարկաների` հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն գծով: Առարկաներից ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է մաթեմատիկայից` մասնակիցների 87 տոկոսը հաղթահարել է ատեստավորումը, որին հաջորդում են ֆիզիկան` 56 տոկոս, հայոց լեզուն` 41 տոկոս: Ամենացածր ցուցանիշը արձանագրվել է քիմիա առարկայից՝ 11 տոկոս, որին հաջորդում է աշխարհագրություն առարկան՝ 20 տոկոս: Ըստ մարզերի, թեստավորմանը մասնակցած և շեմը հաղթահարածների համեմատությամբ, ամենաբարձր ցուցանիշը եղել է Սյունիքի մարզի ուսուցիչների մոտ՝ 56 տոկոս, որին հաջորդում է Շիրակը՝ 54 տոկոս և Կոտայքը՝ 52 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: