Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, Ադրբեջան-Իրան լարվածության, ինչպես նաև Էրդողանի` Բաքու կայանալիք առաջիկա այցելության, սահմանների դելիմիտացիա և դեմարկացա իրականացնելու հնարավորության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման և այլ թեմաների  շուրջ Araratnews.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: 

Անդրադառնալով անցած շաբաթ Արցախի և Հայաստանի սահմաններին ադրբեջանական ագրեսիային և պատասխանելով հարցին, թե այս անգամ Ադրբեջանն ինչ է ցանկանում ապացուցել կամ ինչ է հասկացնում և ում, ադրբեջանագետն ասաց, որ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ ծրագրված, պլանավորված է, և իրենք բոլոր մակարդակներում այն իրականացնում են. «Որևէ փոփոխություն Ադրբեջանի քաղաքականության մեջ չկա, եթե դիտարկում ենք հետպատերազմյան փուլը: Այս փուլն իր բովանդակությամբ չի տարբերվում նախապատերազմյանից, բայց հասկանում ենք, որ հանգամանքներն են ուրիշ: Ինչ-որ բաներ ավելի արագացել են, ինչ-որ պնդումներ ու պահանջներ, որոնք իրենք ներկայացնում էին պատերազմից առաջ` պատերազմի ընթացքում բռնության միջոցով իրականացրել են»:

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ, Ադրբեջանի ցանկությունը մեկն է` դոմինանտություն տարածաշրջանի նկատմամբ, Հայաստանի զարգացման պոտենցիալի սահմանափակում, Արցախի ամբողջական անեքսիա:

Հարցին` արդյոք ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում չի զգոնացնում Ադրբեջանին, փորձագետը պարզաբանեց, որ նրանց ներկայությունը որոշակի մակարդակից սկսած է աշխատում. «Խոսքը լայնածավալ էսկալացիայի մասին է կամ ավելի մեծամասշտաբ: Եթե լինում են նման բախումներ, ապա դրանք սառեցվում են ռուս խաղաղապահների միջամտությամբ: Բայց կոնֆլիկտները կարգավորելու հարցում բավականին լուրջ խնդիրներ կան»:

Անդրադառնալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստին Ալիևի հայտարարությանը, թե իբր պատրաստ է սահմազատում և սահմանագծում իրականացնել Հայաստանի հետ, Տարոն Հովհաննիսյանը նկատում է` քանի դեռ Ադրբեջանը նախապայմանների լեզվով է խոսում մեզ հետ, ապա դրանք լուծում չեն ունենա.«Կոնֆլիկտի պատմությունը ցույց է տալիս, որ փորձում ես նախապայմանների լեզվով խոսել, ապա դա տանում է փակուղի»:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

23564