Հոկտեմբերի 25-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX գործիքի շրջանակում փորձագիտական առաքելությունը՝ ուղղված զբոսաշրջության օրենսդրական բարեփոխումներին։ Տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Այսօր կայացած միջոցառման մեկնարկին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, շահագրգիռ գերատեսչությունների, զբոսաշրջային ասոցիացիաների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական Հանձնաժողովի, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը։

Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և նշել․

«Ակնկալում ենք պրոակտիվ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչը հնարավորություն կտա ունենալ ավելի լավ օրենսդրություն զբոսաշրջության բնագավառում՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա»։

Փորձագիտական առաքելության նպատակն է ուսումնասիրել զբոսաշրջության օրենսդրության բարեփոխումների ԵՄ լավագույն փորձը և բացահայտել «Հայաստանի զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի մոտարկման մեխանիզմները ԵՄ օրենսդրության հրահանգներին համապատասխան: 

ԵՄ հրահանգների մոտարկման գործընթացի համակողմանի իրականացման և զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջության օրենսդրության լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով նախատեսվում է ԵՄ փորձի վերաբերյալ գիտելիքների փոխանակում: 

Հայաստանը կստանա առավել մանրամասն տեղեկատվություն զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության մշակման համաշխարհային փորձի, ոլորտում իրավական դաշտի կարգավորման, ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների ստանդարտների սահմանման և պահպանման, ամբողջական ներդրման, սպառողների իրավունքների, կանոնակարգերի խախտումների կանխարգելման և վերացման միջոցառումների և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ: 

Չորսօրյա միջոցառումը կազմակերպվում և ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից։

Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Իևա Բալդինան` Լատվիայից (Սպառողների իրավունքների վերահսկողության վարչության ղեկավար/Սպառողների իրավունքների պաշտպանության պետական կենտրոնի (CRPC) փոխտնօրեն),  Մարիկրուս Կադիզ Գոմեսը՝ Իսպանիայից (Տուրիզմի որակի իսպանական ինստիտուտի տեխնիկական մենեջեր (ICTE)), Մ.Անգելես Մարտինես Մինգեզան՝ Իսպանիայից (Այլ վարչակազմերի հետ հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ՝ Քաղաքացիական ծառայության, Գանձապետարանի և քաղաքացիական ծառայության (MH) նախարարության, Իսպանիայի Զբոսաշրջության քարտուղարության միջազգային կապերի բաժնի նախկին ղեկավար), Զվոնիմիր Մարինովիչը` Խորվաթիայից (Գլխավոր տնօրենի օգնական,  Խորվաթիայի Հանրապետության Ֆինանսների Նախարարություն Խորվաթիայի մաքսային տնօրինություն):

266