
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նորայր Պապյանը իր վարած ՈՒԱԶ 3163 մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Փրկարարները վթարի վայրում հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Կամո Պետրոսյանի, 40-ամյա Արկադի Ամիրխանյանի և 56-ամյա Սարգիս Բաբայանի դիերը, որոնք մեքենայից դուրս են եղել՝ տարբեր հատվածներում, իսկ վարորդ Ն. Պապյանին հիվանդանոց է տեղափոխել փրկարարական ջոկատի հրամանատար Վ. Թադևոսյանը՝ իր անձնական ավտոմեքենայով։
Պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցներ են։ Գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։
«Արծվաբերդ» մասնաճյուղի տնօրենը ծանր վնասվածքներով այժմ գտնվում է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում։