Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։

Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա ներկայումս Հայաստանում իրականացվող դասընթացի կարևորությունը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակն ու բարելավել նրանց կենսապայմանները։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանում Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ներդրման գործնական քայլերի, միջազգային պրակտիկայի վրա հիմնված գնահատման չափորոշիչների կիրառման կարևորությունը։

«Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում մեզ համար առաջնահերթ է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության աստիճանի ճշգրիտ գնահատման ապահովումը։ Մեզ համար կարևոր է իմանալ, որ քաղաքացուն տրամադրված աջակցող միջոցն իր կարիքներին համապատասխան է»,- նշել է նախարարի տեղակալը։

Վերջինս անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար փոքր տների մոդելի ներդրմանը, անկախ կենտրոնների ստեղծմանը, երեխաների պալիատիվ խնամքի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի։

Սաթիշ Միշրան շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ ամբողջական և համապարփակ տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ:

«Մենք ևս համակարծիք ենք, որ վերականգնողական ծառայություններն ու աջակցող միջոցները պետք է հասանելի լինեն բոլորին և հատկապես նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք հաջողությամբ համագործակցել ենք տարածաշրջանի մի շարք երկրների հետ՝ մեր ներդրումն ունենալով այս կարևոր գործընթացում։ Լիահույս եմ, որ ձեզ հետ հետագա համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա ոլորտի զարգացման գործում»,- նշել է նա։

498