2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Ազգային ժողով անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները։ Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական պարտավորությունները ստանձնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ շարքը սկսում ենք «Հայաստան» դաշինքից։ Նշենք, որ դեռևս ոչ բոլոր պատգամավորներն են հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները, ուստի հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաներից ընտրել ենք հանրության շրջանում առավել հայտնիներին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գույքն ու եկամուտները

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է, նա նախկինում զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի տեղակալի խորհրդականի, բնապահպանության նախարարի խորհրդականի, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնները։

Իշխան Սաղաթելյանը՝ որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 8 հողամաս Գեղարքունիքի մարզում, բոլոր հողամասերը ձեռք են բերվել 2002 թվականին։ 2008-ին նա գնել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Սաղաթելյանը 50% բաժնային սեփականություն ունի նաև 2017-ին ձեռք բերված՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։ Բնակարանի արժողությունը 54 միլիոն է, բնակարանը գնվել է հիփոթեքային վարկի միջոցով։ Իշխան Սաղաթելյանն իր հայտարարագրում նշել է նաև 2015-ին գնված Range Rover մակնիշի մեքենայի մասին։

Ըստ հայտարարագրի՝ Իշխան Սաղաթելյանը 5 միլիոն դրամ փոխառություն (վարկ) է տվել իրեն իսկ պատկանող «Նավասար» ՍՊԸ-ին։ Իսկ 2019-ին Իշխան Սաղաթելյանը նվիրատվություն է ստացել 8 միլիոն արժողությամբ մատանի։

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է նաև 56 միլիոն դրամ, 92 հազար դոլար և 28 հազար եվրո կանխիկ գումար։ Տարեսկզբից մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը Սաղաթելյանն ունեցել է 146 հազար դրամ եկամուտ, որը ստացել է «Նավասար» ՍՊԸ-ից՝ որպես աշխատավարձ։ Նա հայտարարագրել է նաև «ԱԿԲԱ» բանկից վերցված 985 հազար դրամ վարկը։ Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք նաև, որ Սաղաթելյանի եկամուտների մաս է կազմել նաև բաժնեմասի վաճառքից ստացված 50 հազար դրամը։ 

Իշխան Սաղաթելյանի կնոջ՝ Լիանա Խաչատրյանի գույքն ու եկամուտները

Իշխան Սաղաթելյանի կինը՝ Լիանա Խաչատրյանը՝ որպես պաշտոնյային փոխկապակցված անձ, նույնպես գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել։ Լիանան մասնագիտությամբ բժիշկ է։ Սաղաթելյանի կինը 2018-ին գնել է ավտոտնակ Երևանի Կենտրոն համայնքում և հողամաս Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում։

Լիանա Խաչատրյանը 50% բաժնեմաս ունի 2017-ին գնված՝ Երևանի Կենտրոնում գտնվող բնակարանում, մյուս 50%-ը պատկանում է Իշխան Սաղաթելյանին։ Վերևում արդեն գրել էինք, որ բնակարանն ամուսինները ձեռք են բերել հիփոթեքային վարկի միջոցով։ Եթե Իշխան Սաղաթելյանը՝ որպես նվիրատվություն, մատանի էր նվեր ստացել, ապա Սաղաթելյանի կինը ստացել է վզնոց՝ 4 միլիոն դրամ արժողությամբ։ Լիանա Խաչատրյանը հայտարարագրել է նաև Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականին։ Սաղաթելյանի կինը հայտարարագրել է նաև 75 հազար դոլար, 38 միլիոն դրամ և 22 հազար եվրո կանխիկ գումար, ինչպես նաև 3 հազար դոլար ավանդ բանկում։ Խաչատրյանը հայտարարագրել է նաև «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից ստացած 367 հազար դրամ աշխատավարձ և «Յունիբանկից» վերցրած 141 հազար դրամ վարկ։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

2502