2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեակայն օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից,  պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը:

Քրեական գործի հետագա նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ-ն գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ տվյալները պարունակում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության հատկանիշներ` ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է նախորդիվ նշված քրեական գործին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար հոկտեմբերի 29-ին Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ս.Ղ.-ին ձերբակալելու մասին, և վերջինս ձերբակալվել  է։

1321