
Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու գաստրոտուրիզմի սիրելի ուղղություն աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: Այս մասին հանրահայտ Forbes-ում հոդված է հրապարակել Էն Աբելը, որտեղ նա Հայաստանում կայացած խոշոր գաստրոշրջագայության տպավորություններով է կիսվում։
«Հայաստանում բարություն և առատաձեռնություն կա: Ես զգացի դա Երևանի Գումի շուկայում, որտեղ վաճառողներն անհավատալի շռայլ գտնվեցին՝ մեզ անվճար առաջարկելով համտեսել չորամրգեր, շաքարապատ նուշ, մարինացված վարունգ և սխտոր, ինչպես նաև աղի պանիր»,- գրում է հոդվածի հեղինակը:
Հայաստանի տարբեր կետերում նա փորձել է հայկական խոհանոցի նրբաճաշակ համերը ու խմել հայկական գինին: «Այս երկրում կա ինտելեկտուալիզմ: Ես դրա վկան դարձա այստեղ ունեցած իմ շատ զրույցներում»,- գրում է լրագրող Էն Աբելը։
«Այստեղ շախմատն ազգային սպորտաձև է: Հայաստանում՝ առաջինն աշխարհում, քրիստոնեությունը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին: «Լուսավորում»-ը՝ իր ժամանակակից իմաստով, շարունակում է այստեղ կարևոր արժեք համարվել: Մատենադարանում ցուցադված են հնագույն տպագիր գրքեր, թանկարժեք ձեռագրեր, նկարազարդված գունավոր գրքեր և մանրանկարներ շուրջ 23 հազար ձեռագրեր պարունակող հավաքածուից»,- նշել է Էն Աբելը։
Աբելը նշում է, որ հայկական ուտելիքները բազմազան են, պարունակում են շատ հետաքրքիր թարմ համեմունքներ: «Մշտապես կտեսնեք մեծ թվով լավաշ՝ արագ պատրաստվող լոշիկներ, որոնք հայկական մշակույթի անբաժան մասն են և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության շարքում»,- գրում է Էն Աբելը՝ եզրափակելով. «Այս երկիրը պատրաստ է ուշադրության»:
Լրագրրղը նշել է, որ այժմ նոր սերունդը փորձում է կրթությունը, գիտելիքների եւ տեխնոլոգիաների տարածումը ներկայացնել որպես արտահանում:
Հոկտեմբերի առաջին շաբաթներին աշխարհի տարբեր երկրներից 20 լրագրող ժամանել էր Հայաստան՝ բացահայտելու մեր հայրենիքի զբոսաշրջային գրավչությունը և մասնակցելու յուրահատուկ գաստրոներկայացումների:
Թարգմանությունը՝ Լյուսիյա Պետրոսյանի