Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում է յուղեր, շատ են մալուխային հորանները:

Հետևաբար որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարերի համար:

Ուսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով ՝ սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել է հրդեհի մարման աշխատանքները: Նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:

Վարժանքին ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, այն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ:

165