Նոյեմբերի 15-ից ՀՀ-ում կրթական հաստատություններում դասերը կանցնեն առկա եղանակով: ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով բուհերը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ն անցնել էին հեռավար ուսուցման:
Այսօր Երևանի պետական համալսարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով՝ դասերը երկուշաբթի օրվանից կանցնեն առկա ուսուցմամբ, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար: Դրա հետ մեկտեղ բուհը պահանջելու է ուսանողներից պարտադիր դնել դիմակ և պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց՝ համլսարանականները խստորեն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բուհի դասախոսական կազմի 68 տոկոսն արդեն պատվաստված է կորոնավիրուսային հիվանդության դեմ, որից շուրջ 38 տոկոսը երկրորդ պատվաստումն է ստացել:
Գրիգորյանի խոսքով՝ այս պահին դեռևս չկա որևէ կուրս, որը տեղեկացրած լինի դասապրոցեսը հեռավար շարունակելու մասին:
Իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտնել է, որ բուհում դասերը կշարունակվեն անցկացվել հեռավար եղանակով: Ուսանողները կշարունակեն օնլայն դասապրոցեսը՝ մինչև նոյեմբերի 30-ը: Բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ հեռավար դասապրոցեսը երկարաձգելը պայմանավորված է դասախոսական կազմում քովիդի վարակվածության բարձր ցուցանիշով:
«Կոնկրետ թիվ նշել չեմ կարող, բայց ունենք վարակված դասախոսներ: Կարծում եմ՝ ուսանողների շրջանում նույնպես կլինեն, դրա համար որոշեցինք մի փոքր երկարաձգել: Հույս ունեմ՝ դեկտեմբերի մեկից կունենաք դրական պատկեր»,- ասաց Գալոյանը:
Բուհում բացառությամբ հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի դասապրոցեսը կկազմակերպվի բուհում: Գալոյանի խոսքով՝ առկա բակալավրիատը առաջին անգամ է համալսարան գալու, դրա պատճառով նրանց համար դասապրոցեսը կկատարվի առկա. «Պետք է ծանոթանան բոլոր ընթացակարգերին, դասապրոցեսներին, հետո եթե տեսնենք՝ անհրաժեշտությունը կա, այլ կուրսերի համար էլ կերկարաձգենք դասերը և կանցկացնենք հեռավար»,- ասաց ռեկտորը:
Տնտեսագիտականում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է դասախոսական անձնակազմի 70 տոկոսը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոս Ավետիսյանն էլ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց՝ նոյեմբերի 15-ից համալսարանը կանցնի առկա ուսուցման:
«Համաճարակային իրավիճակը Հայաստանում թույլ է տալիս, որպեսզի նորից անցնենք առկա դասապրոցեսի, սակայն խստորեն պահպանվելու են հակահամաճարակային կանոնները: Միևնույն ժամանակ, կան դասախոսներ, որոնք վարակված են քովիդով, բայց կոնկրետ թիվ նշել չեմ կարող: Մինչ հեռավար անցնելը մեզ մոտ այդ առումով ավելի վատ վիճակ էր, հիմա համեմատաբար դրական պատկեր ունենք»,- ասաց Ավետիսյանը:
Դասախոսական անձնակազմը հետևում է համաճարակային կանոներին. 850-600-ն արդեն պատվաստված է քովիդի դեմ: Այսինքն՝ մոտավորապես 70 տոկոսը:
Առկա ուսուցման կանցնի նաև «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, սակայն կլինեն նաև հեռավար դասընթացներ:
«Դասընթացները կլինեն համակցված, այսինքն՝ փոքր կուրսերում, որտեղ հնարավոր կլինի պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, դասապրոցեսը կկազմակերպվի առկա ձևաչափով, ավելի մեծ կուրսերը, որտեղ ուսանողների թվաքանակը, և լսարանի պայմաններով պայմանավորված՝ հնարավոր չի լինի պահպանել այդ հեռավորությունն ու համաճարակային կանոնները, կմնան հեռավար ուսուցման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասացին համալսարանի լրատվության բաժնից:
Այս բուհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 1000-ից ավելի դասախոսական կազմի 70 տոկոսը: Դասախոսների այն տոկոսը, որ դեռ չի պատվաստվել, անցնում է համապատասխան ընթացակարգով՝ ղեկավարությանն է ներկայացնում քովիդի դեմ բացասական թեստի պատասխանը: