«Ի բնե հնարավոր չէ, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու հրաման կամ սահմանը չպաշտպանելու հրաման: Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»,- այս մասին խորհրդարանում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի այն հարցին, թե ով տվեց չկրակելու հրաման կամ չտվեց կրակելու հրաման, և ինչի հետեւանքով գերեվարվեցին հայ զինծառայողները:
«Ինչ վերաբերում է գերիներին` ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, ՀՀ ԶՈՒ-ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ պետք է հստակ բոլոր դեպքերով քննություն կատարվի: «Ինչ է նշանակում գերի ընկնել նման հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: