ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Araratnews.am-ի տաղավարում մեզ հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում նոր գնահատման համակարգի ներդրմանը՝ ասաց, որ մեր այսօրվա գնահատման համակարգը ցույց է տալիս, որ թվանշանային, միավորային գնահատումը երբեմն ամբողջությամբ աղճատում է կրթական գործընթացը, երբ երեխաները փորձում են սովորել կամ ջանք թափել միայն այդ թիվն ստանալու համար:

«Եվ այդ նույն գործընթացն ապահովելու համար համատարած արտագրությունների, լացուկոծի և այլ պրոցեսների ենք ականատես լինում, որոնք ամենևին կրթական չեն: Եվ ես կարծում եմ, որ մեր գնահատման գործող համակարգը շատ վաղուց կարիք ունի փոփոխությունների: Դա ցույց են տալիս ամենատարբեր գործընթացներ, ինչպես օրինակ՝ տարեվերջյան ավարտական քննությունները 9-րդ դասարանում, պետական ավարտական քննությունների արդյունքները ցույց են տալիս երեխաների արտաքին գնահատման արդյունքները: Եվ սա ուղղակի նշանակում է, որ գնահատականը դարձել է շղարշ` թաքցնելու կրթական գործընթացի իրական խնդիրները»,- հարցազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարարը, որը կարծում է, որ ոչ միավորային գնահատումը շեշտադրելով և ուժեղացնելով՝ կկարողանանք կրթական գործընթացում ներդնել նոր խրախուսման մեթոդներ և երեխաների իրական մոտիվացիան բարձրացնել, որպեսզի իրենք հասկանան, որ սովորելը հետաքրքիր է, սովորելը կարևոր է, և սովորելը մի բան է, որը նաև իրենց վաղվա օրվա համար շատ կարևոր նշանակություն ունի:

Փոխնախարարի խոսքով`  այս իմաստով ուսուցիչների կողմից արձագանքները իհարկե տարբեր են, բայց դրական կարծիքները նույնպես շատ են:

Հայկ Մագոյան

706