Իզուր չեն ասում՝ բաժանիր, որ տիրես։ Հայաստանի համար դժվարագույն այս օրերին արտաքին թշնամիներից զատ, ներքին ուժերն են փորձում երկիրը մասնատել՝ այդ կերպ ջուր լցնելով թշնամու ջրաղացին։

Հարց է ծագում` այս ուժերը դա չե՞ն ընկալում, թե՞, ինչն ավելի մեծ դժբախտություն է, շատ լավ են ընկալում։

Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներ փակ են ցուցարարները կոչ են անում թույլ չտալ ՀՀ սահմանազատման և սահմանագծման գործընթացներ իրականացնել։ Ինչ է ստացվում. նրանք խոսքերը մեկ են արել Ալիևի՞ հետ։ Չէ՞ որ վերջինիս ևս ձեռնտու չէ դեմարկացիան և դելիմիտացիան, քանի որ այսկերպ ավելի հեշտ է «նոյեմբերի 16-ներ» կազմակերպել, ապա աղաղակել, թե չեն ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։

Դժվար օրեր են մարդիկ  արթնանալուն պես առաջինը սոցցանցերի էջերն են թերթում` հո պատերազմը չի՞ վերսկսվել, կրակոցներ չե՞ն եղել։ Որոշ ծնողներ, որոնց որդիները սահմանին են ծառայում, չեն էլ քնում։ Իսկ իրենց ընդդիմադիր հայտարարած ցուցարարները փողոց են փակում, հայտարարելով, թե սահմանին զինվորը զենք չունի, ի լուր աշխարհի հայտարարում են, թե հայ զինվորն անպաշտպան է։ Կարելի՞ է հայրենիքի հեղինակության, անքուն մայրերի նյարդերի գնով հաճոյանալ ռամիլսաֆարովներին։

Սահմանին կանգնած զինվորը սրան-նրան սպասարկելու համար փողոցը կրկեսի արենա դարձնելու գործիք չէ։ Սահմանը պաշտպանող զինվորը չգիտի, որ Երևանում՝ իրենց տաքուկ անկողիններից վեր կենալով, ոմանք որոշել են դուրս գալ փողոց՝ հայրենասիրություն խաղալու ու իր անունը շահարկելու։

Բավական է, կանգ առեք։

Հայրենիքը մաս-մաս եք արել, հայրենասիրությունի՞ց եք խոսում։

Ճանապարհ փակելով չի հայրենիքը հզորանում, այլ՝ ճանապարհ ստեղծելով։

 

Մկրտչյան Ջուլիետա

 

11807