Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել ԱՄԷ արտաքին գործերի նախարարության գլխավոր տեսուչ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին։ Այս մասին կազմակերպությունը Twitter-ում հայտնել է հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին։

«Արաբական Միացյալ Էմիրությունների Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին չորս տարի ժամկետով ընտրվել է նախագահի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինտերպոլի նոր ղեկավարությունն ընտրվել է Ստամբուլում, որտեղ անցկացվում է այս միջազգային կազմակերպության 89-րդ Գլխավոր ասամբլեան։ Գլխավոր ասամբլեան հավաքվում է ամեն տարի, կայացնում է հիմնական որոշումները կազմակերպության ընդհանուր քաղաքականության, միջազգային համագործակցության համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ, ինչպես նաև որոշում է աշխատանքի մեթոդները, ֆինանսավորումը և գործունեության ծրագիրը:

Մինչ այս Ինտերպոլը ղեկավարում էր հարավկորեացի Կիմ Չեն Յանը։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։ Այդ ժամանակ Պեկինում ձերբակալվել էր Ինտերպոլի նախագահ, չինացի Մեն Հունվեյը։ ՉԺՀ իշխանությունները նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։ Արդյունքում Մեն Հունվեյը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման և 2 միլիոն յուանի տուգանքի։

595