Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը անդրադարձել է Արարատյան դաշտն ու Երևանը պարուրած մառախուղին, որն, իր բնորոշմամբ, արդեն ավանդական է դարձել։

Սուրենյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել` փորձելով բնության այդ երևույթը ներկայացնել գեղեցիկ կողմից։

«Արարատյան դաշտի ավանդական մառախուղը` ինքնաթիռից»,– գրել է Սուրենյանը։

Մառախլապատ Արարատյան դաշտի ու Արարատ լեռան համայնապատկերը, սակայն, ավելի շատ բացասական արձագանքների է արժանացել։ Օգտատերերը օդերևութաբանից արևոտ եղանակ են պահանջում։

Մեկ ուրիշն էլ հեգնել է. «Ավանդական, պապենական, լավ ա չասիր` ընտանեկան»։

Սուրենյանի հրապարակած լուսանկարը շատերի մոտ ոչ այնքան դրական հուշեր է արթնացրել 2017թ–ի ձմռան մասին, երբ ամբողջ Հայաստանում արևոտ ու ջերմ եղանակ էր, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում շուրջ 40 օր` մառախուղ ու ցուրտ։

Ի դեպ, օդերևութաբանների կանխատեսումներն այս տարվա մառախուղի մասին շատ ավելի հուսադրող են։

Դրանց համաձայն` մառախուղն Արարատյան դաշտում կշարունակվի նաև այսօր երեկոյան ու վաղը, հիմնականում` առավոտյան ժամերին։
Դրանից հետո` դեկտեմբերի 1-2-ին, Հայաստանի տարածքում կանխատեսվող տեղումներն, ըստ ամենայնի, կցրեն նաև մառախուղի շերտը։

530