
Դոնի Ռոստովի թիվ 22 դպրոցի բակում տեղի կունենա Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացումը: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան օրը։ Բացման արարողությանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները, պատվո պահակախմբի վաշտը, վարչակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին Արցախի Ելիզավետպոլ նահանգում: Լենինի 7 շքանշանի ասպետ է, նաև ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա ղեկավարել է առաջին Մերձբալթյան և Երրորդ Բելառուսական ճակատները։
Պատերազմից հետո, արդեն Կարիբյան ճգնաժամի ժամանակ, Բաղրամյանը ղեկավարել է Կուբայում խորհրդային զորքերի խմբի տեղափոխման և տեղակայման ծրագրի մշակումը, ինչպես նաև Խորհրդային Միության գործողությունները։
1958 թվականի հունիսին Սովետական Միության մարշալ Հ. Բաղրամյանը նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի թիկունքի գծով տեղակալի բարձր պաշտոնում և աշխատել 10 տարի:
Հովհաննես Բաղրամյանը զբաղվում էր մեծ հասարակական աշխատանքով: Նա բազմիցս ընտրվել է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի, ինչպես նաև Լատվիական ու Հայկական հանրապետությունների պատգամավոր:
Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին։ Զորավարի աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատում։
Լյուսիյա Պետրոսյան