2021 թ․ նոյեմբերի 26-ին ԱՀԿ-ն նշեց B.1.1.529 տարբերակը՝ Omicron-ը, որպես անհանգստություն առաջացնող տարբերակ՝ ԱՀԿ վիրուսի էվոլյուցիայի փորձագիտական խորհրդատվական խմբի (այսուհետ՝ TAG-VE) խորհրդով: Այդ որոշումը հիմնված էր TAG-VE-ին ներկայացված ապացույցների վրա այն մասին, որ Omicron-ն ունի մի քանի մուտացիաներ, որոնք կարող են ազդել դրա վարքագծի, օրինակ՝ հեշտ տարածման կամ դրա կողմից հարուցված հիվանդության ծանրության վրա: Ահա այս պահին հայտնի տեղեկություններն ամփոփ կերպով՝ SARS-CoV-2 վարակի դեմ նախորդ միջոցառումների արդյունավետությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՀԿ գրասենյակը։

Պատվաստանյութերի արդյունավետությունը. ԱՀԿ-ն, իր գործընկերների հետ միասին աշխատում է՝ հասկանալու այս տարբերակի հնարավոր ազդեցությունը ձեռնարկվող միջոցառումների, այդ թվում՝ պատվաստանյութերի վրա: Պատվաստանյութերը շարունակում են կարևոր լինել հիվանդության ծանր ընթացքի և մահացության դեպքերի նվազեցման համար, ինչպես նաև դրանք կարևոր են գերակշռող շրջանառվող տարբերակի՝ Դելտային հակազդելու համար: Ներկայիս պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ հիվանդության ծանր ընթացքը և մահվան դեպքերը նվազեցնելու առումով:

Ընթացիկ թեստերի արդյունավետությունը. ինչպես և այլ տարբերակների դեպքում, լայնորեն օգտագործվող ՊՇՌ թեստերը շարունակում են հայտնաբերել վարակը, ներառյալ Omicron-ով վարակը։ Ուսումնասիրությունները շարունակվում են՝ պարզելու, թե արդյոք առկա է որևէ ազդեցություն այլ տեսակի, այդ թվում՝ հակագենի հայտնաբերման արագ թեստերի վրա:

Ընթացիկ բուժումների արդյունավետությունը. կորտիկոստերոիդները և IL6 ընկալիչների բլոկերները դեռևս արդյունավետ կլինեն COVID-19-ով ծանր հիվանդների բուժման համար: Այլ բուժումները կգնահատվեն՝ պարզելու, թե արդյոք դրանք դեռ նույնքան արդյունավետ են՝ հաշվի առնելով վիրուսի մասերի փոփոխությունները Omicron տարբերակում:

Այս պահին առկա տեղեկատվությունը Omicron-ի մասին

Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտողներն իրականացնում են ուսումնասիրություններ՝ Omicron-ի տարբեր հատկություններն ավելի լավ հասկանալու համար և կշարունակեն ներկայացնել այդ ուսումնասիրությունների արդյունքները, երբ դրանք հասանելի լինեն:

Փոխանցելիություն. դեռևս պարզ չէ, թե արդյոք Omicron-ն ավելի փոխանցելի է (օրինակ՝ ավելի հեշտությամբ տարածվում է մարդուց մարդու)՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ Delta-ի հետ։ Դրական թեստ ունեցող մարդկանց թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն տարածքներում, որոնք այս տարբերակի ազդեցության ներքո են, բայց համաճարակաբանական ուսումնասիրություններ են իրականացվում հասկանալու համար՝ արդյոք դա պայմանավորված է Omicron-ով, թե այլ գործոններով:

Հիվանդության ծանրությունը. դեռևս պարզ չէ, թե արդյոք Omicron-ով վարակումն ավելի ծանր հիվանդություն է առաջացնում՝ այլ տարբերակների, ներառյալ Դելտա տարբերակի հետ համեմատ: Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում աճում են հոսպիտալացման թվերը, սակայն դա կարող է պայմանավորված լինել վարակվողների ընդհանուր թվի աճով, այլ ոչ թե Omicron-ով վարակվելու հանգամանքով: Ներկայումս տեղեկություններ չկան, որ Omicron-ի հետ կապված ախտանիշները տարբերվում են այլ տարբերակների ախտանիշներից: Վարակման հայտնաբերված նախնական դեպքերը եղել են ուսանողների՝ ավելի երիտասարդ անհատների շրջանում, ովքեր հակված են հիվանդության ավելի մեղմ ընթացք ունենալուն։ Սակայն Omicron տարբերակի ծանրության մակարդակը հասկանալու համար անհրաշեժտ է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: COVID-19-ի բոլոր տարբերակները, ներառյալ Դելտա տարբերակը, որը գերակշռող է ողջ աշխարհում, կարող է առաջացնել ծանր հիվանդություն կամ մահ, հատկապես ամենախոցելի մարդկանց շրջանում, և, հետևաբար, կանխարգելումը միշտ կարևոր է:

258