Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, որոշում է ստորագրել Արմավիրի փոխմարզպետի պաշտոնակատարի ազատման մասին:
Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ վերջինս 2020 թվականի դեկտեմբերի 15-ից էր զբաղեցնում փոխմարզպետի պաշտոնը։
Մեխակյանը ստանձնելու է Խոյ խոշորացված համայնքի ղեկավարումը, նա դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն էր, ընտրության արդյունքներով կուսակցությունը հաղթել է համայնքում:
Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի 17 համայնքներ՝ Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան (Շահումյան Թ/Ֆ), Մրգաստան և Շահումյան, միավորվելով դարձել են մեկ բազմաբնակավայր խոշորացված համայնք՝ Խոյ անունով։