ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները:

ԱԳՆ պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի  արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։

Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։ 

Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։  

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:

Հիշեցնենք, երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նոր պատերազմի նախապատրաստման մեջ։ Ըստ Ալիեւի, Հայաստանի իշխանությունները գիտակցաբար սադրանքների են գնում ղարաբաղյան հակամարտության սրման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապօրինի բնակեցում են անում, պատրաստվում են նոր պատերազմի՝ ուժեր կենտրոնացնելով շփման գծից ոչ հեռու:

154