Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ «Օմիկրոնը», շատ ավելի քիչ հավանական է, որ կհանգեցնի ծանր և մահվան դեպքերի, քան «Դելտան», միևնույն ժամանակ բժիշկ գիտնականները զգուշացնում են, որ դեռևս բավարար տվյալներ չունեն վերջնական եզրակացություններ անելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը հայտարարել է, որ, ըստ իր վերլուծության, «Օմիկրոն»-ով վարակվածների հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը 50-70%-ով ավելի փոքր է: 31-45%-ով  քիչ է նաև հիվանդների շտապ օգնության դիմելու հավանականությունը: Գործակալությունն այս տվյալները հուսադրող է համարում։

Նախօրեին հրապարակվել են հարավաֆրիկացի բժիշկների և շոտլանդական հետազոտության արդյունքները, որոնք նույնպես ցույց են տալիս, որ «Օմիկրոնը» մի քանի անգամ ավելի քիչ վտանգավոր է, քան «Դելտան»։

Շոտլանդացի գիտնականները համեմատել են վարակների և հոսպիտալացումների թիվը երկու շտամների պարագայում և հաշվարկել, որ եթե «Օմիկրոնն» իրեն պահեր «Դելտայի» պես, ապա այժմ Շոտլանդիայի հիվանդանոցներում այդ տարբերակով 47 հիվանդ կլիներ, մինչդեռ իրականում 15-ն է:

Այնուամենայնիվ, գիտնականները, առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները ամբողջ աշխարհում շարունակում են զգուշացնել, որ նախ՝ հետազոտությունները հիմնված են չափազանց փոքր տվյալների վրա, և երկրորդ՝  «Օմիկրոնը» շատ վարակիչ է, և նույնիսկ եթե ծանր հիվանդների համամասնությունը փոքր է, բացարձակ թիվը կարող է ճնշող լինել հիվանդանոցների համար:

Հայաստանի Հանրային ռադիո

 

979