Մոսկվայի "Մոսկոնցերտ֊խոլլ" համերգասրահի լեփ֊լեցուն դահլիճում դեկտեմբերի 19֊ին կայացավ Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մենահամերգը,որտեղ այս անգամ հատուկ հյուրերը Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն էին։


Հովիկ Ստուդիոն պատրաստել էր մեծ ծրագիր թե՛ հիմնական կազմի , թե՛ տարբեր մասնաճյուղերի պարողների հետ, որի բեմադրական ողջ պատասխանատվությունը գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանին էր պատկանում։


Նունե Եսայանի յուրօրինակ ձայնն ու երգացանկն այնքան հոգեհարազատ էր ներկաների համար, որ նրա հետ միասին երգելով անշուշտ հայրենիքի կարոտն էին առնում։ Հին ու հարազատ երգերից մեկի ներքո նրա հետ բեմ բարձրացավ ակադեմիայի տնօրեն Արմինե Գասպարյանը` անզուգական պարով։


Ավո Խալաթյանը հրաշալի հաղորդավարական դուետ էր ներկայացնում հմայիչ Թամարա Օգանեսյանի հետ, սակայն հասցրեց նաև հիացնել հանդիսատեսին Շառլ Ազնավուրի "Լա Բոհեմ" երգով։


Համերգի խորագիրն էր "16 տարի բեմում դեպի Հայաստան անսահման սիրով"։
Բեմում այդ օրն իրական պարի և երգի հրավառություն էր` հայկական ամենաջերմ շնչով, իսկ համերգն ավարտվեց հայրենասիրական ամենաբարձր հնչյուններով` Նունե Եսայանի "Հայ ենք մենք" երգով, որի ընթացքում հանդիսատեսը ոտնկայս ծափահարում էր։


"Հայրենիքը հզոր է իր ծաղկող մշակույթով,որը պետք է փոխանցվի սերնդե սերունդ պահպանելով և կատարելագործելով ", ֊ նշեց ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը ։

739