Ազգային ժողովը քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Նախագծի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ եթե պետությունը պատվիրում է կրթական հաստատությանը՝ իր համար կրթել համապատասխան թվով մասնագետների, նաև վճարում է այդ մասնագետների կրթության համար, պետությունը զուգահեռ պարտավորվում է այդ անձանց ապահովել աշխատանքով: Մյուս կողմից՝ ուսանողը կամ նորավարտ բժիշկը պարտավորվում է որոշակի ժամկետով աշխատել պետության լիազոր մարմնի կողմից նախանշված վայրում՝ որպես մասնագետ»,- ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Ազգային ժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, խոսելով նախագծի մասին, նշեց, որ այսկերպ հնարավորություն է տրվում բուժաշխատողների կադրային ներուժի պլանավորումն իրականացնել ավելի հասցեական ձևով:

«Առողջապահական համակարգի ներուժը, կադրային ռեսուրսները կարևոր նախապայման են առողջապահական ծառայությունների հասանելիություն ապահովելու համար: Չնայած միջին բնակչության թվին բաժին ընկող բուժաշխատողների թիվը շատ չի տարբերվում եվրոպական երկրների միջինից, սակայն Հայաստանում որոշակի խնդիրներ են առաջանում, երբ նայում ենք աշխարհագրական բաշխվածությունը: Երևանում ավելի շատ են կենտրոնացած բուժաշխատողները, իսկ մարզերում մենք հաճախ ունենում ենք բավականին մեծ թվով թափուր հաստիքներ, ինչը բացասական ազդեցություն է ունենում բժշկական ծառայությունների հասանելիության վրա»,- ասաց Նանուշյանը:

154