Հայաստանյան որոշակի շրջանակներ, որ նախագահական ընտրություններում կաշվից դուրս էին գալիս Արցախում հակափաշինյանական «միջնաբերդ» կառուցելու, բայց ջախջախիչ պարտություն կրեցին եւ բացահայտեցին, որ Ստեփանակերտում անելիք այլեւս չունեն, գործի են դրել խուժան-պրեսի ողջ զազրախոսությունը, որպեսզի անվանարկեն նախագահ Արայիկ Հարությունյանին, այս մասին գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Բազմակի օգտագործման լրատվամիջոցներից մեկն այդ հարցում փորձել է նույնիսկ սեփական պորտից բարձր թռչել, բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «получилось как всегда». Մարդ որքա՞ն պիտի նվաստ լինի, որպեսզի խնդիր դնի ամեն գնով հասնել Արցախ-Հայաստան հակասությունների: Այն էլ՝ այսօրվա իրավիճակում: Երեւի հիշեցնելու կարիք կա, որ ժամանակին սույն գռեհկախոսության պատվիրատուն էր ասում, որ եթե Հայաստանում դաշնակցական իշխանություն լինի, ինքն առաջինը կառաջարկի, որ Արցախում էլ դաշնակցականներն իշխեն: Ըստ էության, Հայաստան-Արցախ հարաբերությունները միշտ քաղաքական կոնսենսուսի վրա են կառուցվել: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ:

Ժամանակին ոմանք էին խնդիր դնում, որ Արցախը պետք է հակադրվի Հայաստանին: Թե ինչ հետեւանքներ ունեցավ այդ մոլորությունը՝ չարժե հիշեցնել: Այսօր այդ փորձությունն անցածներն են Արցախի նախագահից պահանջում անպատճառ հակադրվել Հայաստանի վարչապետին: Ինչու՞՝ ոչ ոք տրամաբանական հիմնավորում չունի: Չի էլ կարող ունենալ: Դա միայն ցանկություն է, քաղաքական էգոիզմ՝ Արցախը դարձնել Հայաստանում իշխանափոխության հենակետ: Այսքան մերկանտիլ մի շահ: Մնացածը միամիտների համար ասված «գեղեցկախոսություն է»:

Եւ երեւի ժամանակն նմաններին ասել. «Փակեք ձեր խուժան-պրեսը, պարոնայք, արցախցուն դա ոչինչ չի ասում, բացի մի բանից՝ դուք դադարել եք խորհրդանիշ լինելուց եւ վերածվել մարգինալ չուզողների»,- գրում է քաղաքագետը:

23 Սեպտեմբեր, 2020 12:02
1035
; ;