Այսօր ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է նոր Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին՝ ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ հետամուտ կլինի ՄԻՊ-երի բոլոր զեկույցներում հրապարակված խախտումները վերացնելու հարցում:

Գրիգորյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում չի խուսափի տարբեր բարձր ամբիոններից հնչող ատելության խոսքի վերաբերյալ գնահատականներ տալուց: 

«Ես հետեւողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով: Կարծում եմ, որ հանրային դերակատարները պետք է մեծ հոգածությամբ վերաբերվեն այն մթնոլորտին, որի պատասխանատուն բոլորս ենք»,- պատասխանեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի թեկնածուի խոսքով՝  ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է, ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: 

848