«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր պարբերաբար տեսնում են իրեն տարբեր բարձր պաշտոններում, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, սակայն քանի դեռ Արմեն Սարգսյանի հրաժարականը ընդունված չէ,  Մարուքյանն անլուրջ է համարում Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելը: Այդ մասին նա ասել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այցելել էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակին:

«Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով է հանդես եկել Բանակի օրվա առիթով, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման հարց քննարկելը: Մյուս կողմից նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում», - նշել է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ այդպիսի առաջարկ իրեն չի եղել և չէր էլ կարող լինել: Նա վստահ է, որ իշխանությունները այս պահի դրությամբ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը:

«Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է», - հավելել է Էդմոն Մարուքյանը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին անցած կիրակի՝ հունվարի 23-ին: ՀՀ Ազգային ժողովից հայտնել են, որ խորհրդարանը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նախագահը հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը, հակառակ դեպքում՝ ԱԺ նախագահը կկազմի արձանագրություն նախագահի լիազորությունները դադարեցված համարելու մասին:

484