ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել  ինքնամեկուսացման ժամկետները: Առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

«Ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկի հիման վրա ԱՄՆ-ում ինքնամեկուսացման ժամկետի տևողությունը սահմանվել է 5 օր: Եվրոպական մի շարք երկրներ՝ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը՝ օրինակ Մեծ Բրտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեցարիան՝  5 օր: Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է ինքնամեկուսացման ժամկետ սահմանել պատվաստված անձանց համար 7 օրացուցային օր, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օր, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: Որոշման գործողությունը տարածվում է նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

1051