44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն Արայիկ Հարությունյանի և մի շարք հայ գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։
Իսկ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահին, որպես ռազմական հանցագործի։ Որին ի պատասխան, ի աջակցություն իրենց նախագահին արցախցիները սոցցանցերում կիսվում են Արայիկ Հարությունյանի նկարով՝ կից գրելով. «Մենք՝ բոլորս Արայիկ Հարությունյան ենք»։
Ադրբեջանական հերթական զառանցանքի վերաբերյալ «Իրավունքը» մեկնաբանությունը է խնդրել Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
-Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է եւ պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը եւ վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետեւ ի դեմս Արցախի պետության` Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս:
Ես որպես արցախցի, որպես հայ, որպես հոգեւորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի` արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովել մեր նախագահի անվտանգությունը: