Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային պաշտոնյաների, ավագանու անդամների հետ մասնակցեց Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Արմավիրի համայնքապետարանի կողմից առանձնակի սիրով կազմակերպված տոնական ու գունեղ միջոցառումների մեկնարկը տրվեց Արմավիրի Կենտրոնական հրապարակում և կշարունակվի քաղաքի տարբեր հատվածներում մինչ օրվա ավարտը:
Միջոցառմանը մասնակցում էին Արմավիր համայնքի բոլոր մանկապարտեզների ավագ խմբերի սաները: Համերգային ծրագրին զուգահեռ կազմակերպվել էր կավճանկարի ցուցադրություն՝ «Թող լինի միշտ արևը» թեմայով, ինչպես նաև Արմավիր համայնքի նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների աշխատակիցների և սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Համայնքի ղեկավարն իր խոսքում ջերմորեն շնորհավորեց տարվա ամենաուրախ տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ համայնքի առաջնահերթությունն ու հանձնառությունն է ձևավորել բարեկեցիկ միջավայր, անել հնարավորը փոքրիկների մանկությունն առավել ապահով ու անհոգ դարձնելու համար։
Տոնական միջոցառման ավարտին փոքրիկները շուրջպար բռնեցին, 378 փուչիկներով իրենց սրտից պոկված մի պայծառ արև, մի անափ ջերմություն ուղարկեցին աշխարհի բոլոր մանուկներին.
Արմավիր համայնքի մանուկները աշխարհին ասում են՝ մեր ամենամեծ իրավունքն ու ցանկությունը խաղաղությունն է...