Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 23-ին գումարել է հերթական նիստը։ ՀՌՀ-ից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
1. «Գլոբալ քոնթենթ սերվիս» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
2. «Իներնեյշնլ դիստրիբյուշն ցենտր» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
3. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 38 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
4. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրականացրած մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշել է հաստատել «Գլոբալ քոնթենթ սերվիս» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը:
«Իներնեյշնլ դիստրիբյուշն ցենտր» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի քննարկումը Հանձնաժողովը որոշել է հետաձգել՝ հավելյալ հարցերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026 թ․ հոկտեմբերի 22-ին մշտադիտարկել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության հեռարձակած «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի 2026 թ․ հոկտեմբերի 16-ի տեսագրությունը։ Մշտադիտարկման արդյունքում Հանձնաժողովը հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հեռարձակողը 2026 թ․ հոկտեմբերի 16-ին հեռարձակել է «Հայելի ակումբ» հաղորդումը։ Հաղորդման ընթացքում հյուր Սերգեյ Շաքարյանցը հնչեցրել է խտրական բնույթի արտահայտություններ։
Գնահատելով հաղորդման ընթացքում տարածված տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման եղանակը և ընդհանուր համատեքստը՝ Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն համապատասխանում է չափորոշիչների 4-րդ կետով սահմանված՝ ատելություն բորբոքող տեղեկատվության բնորոշմանը։ Ազգային պատկանելության հիմքով հավաքական մեղավորության վերագրումն իր բովանդակությամբ և ընդհանուր ուղերձով նպաստում է տվյալ ազգային խմբի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, թշնամանքի և անհանդուրժողականության ձևավորմանն ու խրախուսմանը։ Հեռարձակողը վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել, ինչպես նաև օրենքով սահմանված եռօրյա ժամկետում արձանագրության վերաբերյալ առարկություններ չի հայտնել։
ՀՌՀ-ն որոշել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել օրենքի 57-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ ընկերությանը տուգանելով 400․000 ՀՀ դրամով։
Օրակարգի վերջին հարցով Հանձնաժողովը որոշել է հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և մշտադիտարկման արդյունքները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։