Այն կողմը, որն առաջինը կսկսի ագրեսիան, կնախաձեռնի հարձակում, հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը մեծ հաշվով մնալու է նրա վրա, քանի որ նման ագրեսիվ գործողությունը ոչ միայն կարող է հանգեցնել երկկողմ լայնամասշտաբ պատերազմի, այլև մեծապես վտանգում է միջազգային հանրության խաղաղությունը, այսինքն՝ ներկայում գործող միջազգային հարաբերությունների ողջ համակարգը։ Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին. արեւմտյան տարբեր կանխատեսումներով՝ Ռուսաստանն է պատրաստվում  ներխուժելու Ուկրաինա, իսկ ռուսական կողմը հերքում է` նման գնահատականները որակելով սադրիչ։

«Երկու կողմից տարբեր տեղակատվական նյութեր են պատրաստվում, առ այն, որ Ուկրաինայի կամ Ռուսաստանի կողմից իրականացվում է փոխադարձ տարածքների հրթիռակոծում, այսինքն՝  ռազմական իրավիճակի սրացում»,- ասաց նա։

Պետրոսյանի գնահատմամբ՝ ականատես ենք լինում Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Արևմուտք  հարաբերությունների դինամիկ լարվածության,  որը դրսևորվում է միաժամանակ մի քանի հարթությունում՝ և՛ ռազմական մանևրների, և՛ դիվանագիտության, և՛ տեղեկատվական քարոզչական, հոգեբանական հարթություններում։

Չնայած ծայրաստիճան լարվածությանը՝ դիվանագիտական հարթակում խնդիրը լուծելու համար դեռևս հնարավորություններ կան, և զուգահեռ ընթանում են բանակցություններ. «Կարծես թե լարվածությունը հասնում է գագաթնակետին, որ մի ձեւով պետք է պարպվի, դա կարող է լինել կամ պատերազմի եղանակը, կամ դիվանագիտական  որևէ գործընթացի  նախաձեռնումը»,- նկատեց փորձագետը։

Ըստ նրա՝ հիմնական գործող դերակատարներից ոչ մեկին՝ առաջին հերթին Ռուսաստանին, ապա Ուկրաինային նման պատերազմն այս պահին անհրաժեշտ չէ, որովհետև Ռուսաստանի համար այս պատերազմը կարող է առաջացնել լրջագույն տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներ, իսկ Ուկրաինայի համար չեն բացառվում անգամ ներքաղաքական լրջագույն հետևանքներ, նոր տարածքների կորուստ։

«Այսպիսով, ներկայումս բարդ իրավիճակ է, կողմերից յուրաքանչյուրը մինչ այժմ իր համար որոշակի խնդիրներ լուծել է, սակայն ռազմական ճանապարհը, որը կլինի  այս լարվածության գագաթնակետը, այս պահին, իմ կարծիքով, կողմերից որևէ մեկի շահերից չի բխում»,- եզրափակեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Բայդեն-Պուտին նախատեսված հանդիպմանը, Պետրոսյանը նշեց, որ դիվանագիտական  լուծումները սպառված չեն։ Իսկ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելը կարգավորման սցենարներից մեկն է, որը կարող է կիրառվել, նախևառաջ, ՄԱԿ-ի կարգավորման գործընթացում և Ուկրաինայի դիրքորոշմամբ։

Իսկ թե ինչպես կանդրադառնա հնարավոր պատերազմը Հայաստանի վրա, Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ամբողջ զարգացումների հնարավոր սցենարը պայմանավորված է ուկրաինական ճակատում ծավալվելիք գրոծողությունների բնույթով, ծավալով։ «Այսինքն, եթե այդ ճակատում Ռուսաստանի դիրքերը թուլանան, Ռուսաստանը ունենա և՛ դիրքային, և՛ քաղաքական, նաև տնտեսական լրջագույն կորուստներ, դրանից կօգտվեն Ռուսաստանի Դաշնության բոլոր մրցակիցները, հակառակորդները։ Այսինքն՝ ներկայում որևէ կոնկրետ սցենարի մասին խոսելը բավականին բարդ է, թեև տեսականորեն ոչինչ չի կարելի բացառել։ Եթե այնտեղ իրավիճակը զարգանա պատերազմի սցենարով, դա կարող է լրջագույն վնասներ հասցնել նաև ռուսական կողմին, առաջանա ռեսուրսների վերաբաշխման խնդիր, ինչի հետևանքով Ռուսաստանը կարող է գոնե առժամանակ իր ուշադրությունը տեղափոխել դեպի արևմտյան ճակատ, ինչի հետեւանքով չի բացառվում, որ կօգտվեն Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը, թե այս պարագայում  ազդակներ պե՞տք է լինեն Հայաստանից, թե ընդհանրապես պետք է չեզոքություն պահպանվի, Արմեն Պետրոսյանն ասաց, որ այս իրավիճակում եթե արձագանքի անհրաժեշտություն լինի, ցանկացած հայտարարություն պետք է բովանդակի այս հակամարտությունը խաղաղությամբ, դիվանագիտական հարթությունում լուծելու ուղերձներ, իսկ լարվածության պարագայում հնարավոր է փոխվի հայտարարության բովանդակությունը։

 

 

1377