Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներն իրանական ճարտարապետական կոթողն անվանել են ադրբեջանական հուշարձան: Տեղի ունեցածին արձագանքել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:

Դեսպանության «Թվիթեր»-ի էջում եռալեզու գրառում է արվել: Հրապարակվել է մզկիթի և պարսկերենով առկա պատմական արձանագրությունների լուսանկարը՝ կից հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով:

«Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է  որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,- ասված է անգլերենով գրառման մեջ:

Դեսպանության էջում հայերենով գրված է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։

1762