Այսօր արդեն չեղարկվել են Հայաստանից դեպի Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներ չվերթները: Պատճառը երեկ գիշերվանից սկսված ռուս-ուկրաինական ռազմական գործողություններն են:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասացին՝ այսօր երկու թռիչք երկու տարբեր ավիաընկերությունների կողմից նախատեսված էր դեպի ՌԴ-ի Կրասնոդար քաղաք, քանի որ այնտեղի օդանավակայանը փակ է:
«Օրվա երկրորդ կեսին ունեինք թռիչք Կիև-Երևան-Կիև: Այն դեռ պաշտոնապես չի չեղարկվել, բայց հաստատ չի կայանա, քանի որ Կիևի օդային տարածքը նույնպես փակ է: Չեղարկվել է նաև դեպի Սոչի մեկ թռիչք»,- ասացին կոմիտեից:
Չվերթները նախատեսված էին այսօր ժամը 19։05-ին և 23։25-ին: Ժամը 20։40-ին չվերթ է նախատեսված նաև դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
Միևնույն ժամանակ կոմիտեն շեշտում է՝ ամեն վայրկյան հնարավոր է նոր փոփոխություններ լինեն՝ կախված իրավիճակից: