Երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) անունով մշակութային հիմնադրամ է ստեղծվել: «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ն արդեն սկսել է իր գործունեությունը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

«Մեր գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։ Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հիմնադրամն է, և մենք նախանձախնդիր հետևելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում»,- ասվում է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում են իրագործվել։ Առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգների շարքն է լինելու, որը  կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երեւանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։

«Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։ Մեր ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-30-ը։ Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ տեղեկացնում են, որ Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղցանկային գրաֆիկը։ Իսկ երգչի 50-ամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի եւ նրա ստեղծագործական կյանքի մասին։

«Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել և ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և ստեղծել մշակութային նոր արժեքներ եւ վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»,- ասվում է «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։ Հիմնադրամի նախագահն է Վահե Հակոբյանը՝ Հայկոյի եղբայրը:

1267