Թոքի քաղցկեղը տարածվածությամբ առաջինն Հայաստանում: Միայն 2019թ-ին Հայաստանում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 860 դեպք, դեպքերի 50%-ի դեպքում պացիենտները դիմել են մասնագետներին քաղցկեղի 4-րդ փուլում: Սա բավականին  մտահոգիչ ցուցանիշ է, որի կապակցությամբ էլ երեկ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանի առաջատար կլինիկական ուռուցքաբանները, վիրաբույժները, թորակալ վիրաբույժներն ու ախտորոշիչ մասնագետները հավաքվել էին քննարկելու թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները: «Թոքի քաղցկեղի պրեցիզիոն բուժման մոտեցումները» խորագրվ գիտական կոնֆերանսը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության հովանու ներքո ու Ռոշ ընկերության աջակցությամբ.

 

«Քննարկելու ենք ինչպես վիրաբուժական, այնպես էլ քիմիաթերևապևտիկ ու թիրախային բուժման մեթոդները: Զեկուցողները պատմելու են նորագույն մոտեցումների մասին ու ներկայացնելու տարբեր բժշկական կենտրոնների ունեցած փորձը: Տարբեր մասնագետներով մի հարկի տակ հավաքվելով՝ փորձելու ենք  հարցին անդրադառնանք տարբեր տեսանկյուններից, քանի որ նպատակն է էլ առավել արդյունավետ դարձնել թոքի քաղցկեղի բուժումը Հայաստանում»,-մեզ հետ զրույցում փոխանցեց կոնֆերանսի կազմակերպիչ, Ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:

 

 

Ըստ նրա՝միջոցառման կարևոր կետերից մեկը երկխոսությունն է վիրաբույժների հետ. «Երբեմն պատահում է, որ վիրաբույժները 4-րդ փուլի մետաստատիկ թոքի քաղցկեղ ունեցող պացիենտին ուղարկում են տուն՝ ասելով, թե բուժման համար այլևս ուշ է, որ իսկ իրականում ճիշտ կլինի ուղղորդեն ուռուցքաբանի մոտ, քանի որ իրականում թիրախային բուժման միջոցով կարելի է երկարակյացություն ապահովել այս պացիենտների համար, անգամ լինում են դեպքեր, որ լյարդի ու գլխուղեղի մետաստազներով պացիենտը կարող է ապրել 4-5 տարի լիարժեք կյանքով թիրախային թերապիայով բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում»,- հավելեց Հայկուհի Գյոկչյանը:

 Հայկական թորակալ վիրաբուժության ասոցացիայի ղեկավար Հովհաննես Սարկավագյանը համաձայն է, որ 4-րդ փուլի մետաստատիկ քաղցկեղ ունեցող պացիենտի հետ պետք է աշխատեն ուռուցքաբանները: Նա նկատեց նաև, որ Հայաստանում թոքի քաղցկեղի բուժումը դրված է շատ բարձր մակարդակի վրա, սակայն բուժման ավելի լավ արդյունքների համար կարևոր է առաջնահերթ է սկրինինգային ծրագրերի ներդրումը, որպեսզի հնարավոր լինի քաղցկեղը ավելի փուլերում հայտնաբերել ու պացիենտերին երկար ապրելու հնարավորություն տալ: Դրան զուգահեռ նա պացիենտներին, որոնք թոքի հետ կապված խնդիրներ են ունեցել՝ բուժվել են տուբերկուլյոզից կամ աբցեսից, որևէ վիրահատություն են տարել թոքի շրջանում, խորհուրդ տվեց տարին մեկ պարտադիր հետազոտվել, քանի որ թոքի վրա սպիական փոփոխությունները կարող են նպաստել թոքի քաղցկեղի առաջացմանը:

Սքրինինգային ծրագրերի անհրաժեշտությունից զատ քննարկման ընթացքում մասնագետները թոքի քաղցկեղի արդյունավետ բուժման շրջանակում շեշտադրեցին նաև ծխելու դեմ պայքարի կարևորությունը, քանի որ այն ոչ միայն առաջնային ռիսկի գործոն է, այլև ըստ վիճակագրության՝ չծխող պացիենտների դեպքում բուժումն ավելի լավ արդյունք է տալիս, քան երբ պացիենտը ծխող է: 

Միջոցառումն ավարտվեց պոզիտիվ շեշտադրումով, որ նման հանդիպումների հաճախակիությունը թույլ կտա մասնագետներին էլ լավ արդյունքներ ապահովել ու թիմային աշխատել, որից առաջնահերթ շահելու են քաղցկեղի պես բարդ հիվանդությանը բախված պացիենտները:

 

Առողջապահական համակարգ /mednews.am/

333