
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են: Պարետային ժամը փետրվարի 28-ից գործելու է 20:00-ից մինչև 07:00-ն: «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ այդ ընթացքում քաղաքում կարող են տեղաշարժվել միայն նրանք, որոնք ունեն Կիևի ռազմական հրամանատարության հատուկ անցագիր։ Նշվում է, որ այդ անցագրերը տրվելու են միայն տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Նշված ժամերին քաղաքացիների ոտքով տեղաշարժը խստիվ արգելվում է:
Պարետային ժամի ընթացքում քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն օդային ազդանշանի դեպքում:
Կիևում պարետային ժամ սահմանվել էր փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 17:00-ից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ: