
Ազգային ժողովը օրակարգում չընդգրկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցությունից հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի ստորին շեմ՝ պարենային զամբյուղի արժեքը, և ներդնել կենսաթոշակաների չափերի ավելացման ժամանակացույց՝ փոխկապակցված սպառողական զամբյուղի արժեքի հետ:
«Այս նախագիծը համահունչ է կառավարության ծրագրով մեր ստանձնած պարտավորություններին, որին խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել և շատ ողջունելի է, որ մեր ծրագրի հիման վրա ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ, բայց ոչ այն մեխանիզմներով, որոնք կլինեն ընդունելի»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմությունից հնչած արձագանքներին, թե՝ իշխանությունը հայտարարում է և չի անում, Հերիքնազ Տիգրանյանն ասաց. «Հավատացնում եմ՝ ասել ենք ու իրականացնելու ենք և իրականացնում ենք»:
Նա նշեց, որ այս նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել, և ներկայացրեց հիմնավորումները, որոնցից մեկն այն է, որ նախագծով առաջարկվող լրացումը դուրս է պետական կենսաթոշակների մասին օրենքի կարգավորման առարկայից:
«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը կոչ արեց հարցն ընդգրկել օրակարգում և դահլիճում քննարկել: «Այս ինչ վարվելակերպ է, ցանկացած հարց, որին դուք դեմ եք՝ չեք էլ թողնում ԱԺ օրակարգ մտնի և քննարկվի»,- ասաց նա:
Այսպիսով՝ նախագիծն օրակարգ ընդունելուն կողմ քվեարկեց 26 պատգամավոր, կողմ՝ 65, և որոշումը չընդունվեց: