
«Պետությունը ոչ մի շահ չունի սահմանափակելու աղի օգտագործումը, ցանկացած առողջ հասարակություն գիտակցում է աղի կործանարար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»,- անդրադառնալով առողջապահության նախարարության ներկայացրած` սննդի օբյեկտներում աղը սահմանափակող նոր նախագծին՝ Araratnrews.am-ին ասաց սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերից մեկի` աղի չարաշահման ենթարկվող անձանց թվաքանակի նվազեցում:
«Սննդի կետերում սեղանին դրված աղը երբեմն շատ կեղտոտ ու հակահիգիենիկ վիճակում է, մարդիկ չեն օգտվում գդալներից ու մատներով են վերցնում այն, սանիտարական վիճակը չի պահպանվում։ Բացի այդ, աղի քիչ օգտագործումը նպաստում է քաշի նվազեցմանը, ճնշման իջեցմանը, ապացուցված է, որ աղը հանդիսանում է ստամոքսային քաղցկեղի ռիսկի հիմնական գործոն»- նշեց բժշկուհին՝ խորհուրդ տալով խիստ սահմանափակել աղի օգտագործումը։
«Պետությունը հոգ է տանում մարդկանց առաջնային բժշկական ապահովագրության մասին, ցանկացած խելացի պետություն առաջինը պետք է մտածի առողջության պահպանման մասին։ Նա ի՞նչ շահ ունի սահմանափակելու աղի օգտագործումը»,- ողջունելով նախագիծն ասաց տիկին Աբովյանը, նշելով, որ նախագիծն արվել է բժիշկների հետ խորհրդակցությամբ։ Նա վստահություն հայտնեց, որ աղի սահմանափակումը դրական կանդրադառնա մադկանց առողջության բարելավման վրա. քաշի նվազեցումից սկսած՝ դրական տեղաշարժը զգացվելու է: «Եվրոպական երկրներում աղի քանակը օրգանիզմում մի քանի անգամ ավելի ցածր է, քան մեզ մոտ։ Եվրոպացիները օրական օգտագործում են 4-5 գրամ աղ։ Մեր երկրում մարդիկ կարող են օգտագործել մինչև 20 գրամ աղ, սարսափելի թվեր են»,- նկատում է բժշկուհի Աբովյանը։
Նշենք, որ համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում, ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից:
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել` առաջարկելով նոր արգելք սահմանել հանրային սննդի կետերի համար։ Ըստ նոր նախագծի` վերջիններին կարգելվի սեղաններին աղ դնել, եթե հաճախորդը չի պահանջել։