Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

1287