Մոտ 2 միլիոն կիևցիներ մնացել են Ուկրաինայի մայրաքաղաքում, ամեն երկրորդը լքել է քաղաքը, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Интерфакс-Украина-ն։

«Վերջին տվյալների համաձայն՝ Կիևի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին լքել է քաղաքը: Այժմ Կիևում 2 միլիոնից մի փոքր պակաս բնակիչ կա»,- հինգշաբթի ասել է Կլիչկոն ուկրաինական հեռուստաալիքների ազգային մարաթոնի եթերում։

Նրա խոսքով՝ Կիևն այժմ վերածվել է ամրոցի։

«Ամեն փողոց, ամեն տուն… ամրացվում է, տարածքային պաշտպանությանը միանում են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբեք չէին պատրաստվում զինվորական հագուստ հագնել՝ ավտոմատները ձեռքներին։ Դրանք երաժիշտներ են, և դերասաններ, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ»,- ասել է Կլիչկոն։

Նա ընդգծել է, որ «քաղաքը կանգնել է և կանգնելու է… Եվ մարդիկ քաղաքը չեն հանձնի, թշնամին չի անցնի»։

1075