Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները։

«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագիր կնքել ինտենսիվ, բովանդակային, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցությունների միջոցով»,- ասել է Աբդուլաևան։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանին ներկայացրած առաջարկների 5 կետերը՝

  • Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  • Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  • Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից։
  • Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  •  Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետությունը  պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին: Նշվում է, որ այս կապակցությամբ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

1099