
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնը կստանձնի Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանը, որը ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ավարտել է աշխատանքը Հանրային հեռուստաընկերությունում:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ինքը Սարդարյանը:
«Կյանքիս այս փուլն ավարտվեց, էջը թերթելու ժամանակն է։ Առանց արհեստական ու կեղծ պաթոսի ասեմ՝ անցած երեքուկես տարին իմ մասնագիտական գործունեության լավագույն ժամանակահատվածներից էր։ Ես վերադարձել էի իմ տուն ու իմ հարազատների հետ կիսեցի հաջողությունների բերկրանքն ու անհաջողությունների դառնությունը։
Մենք միասին անցանք պատերազմի բոլոր դառնությունների միջով ու կարողացանք ոտքի վրա մնալ, որովհետև միմյանց թև ու թիկունք լինել սովորեցինք։ Մենք կարողացանք քայլ անել գործընկերոջն ընկերոջից տարանջատող նուրբ գծի վրայով, և հիմա, երբ ես կրկին լքում եմ իմ ՀԱՅՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՅՐԱԿԱՆ տունը, իմ ընկերներին ասում եմ՝ կրկին կհանդիպենք, հարազատներս։ Իսկ ես կաշխատեմ ձեզ ու մնացած բոլորին օգտակար լինել արդեն այլ կարգավիճակով»,- գրառման մեջ նշել է Սարդարյանը: