«Մեզ այս ընթացքում պետք են ինժեներներ, որոնք ճշգրիտ հաշվարկներով կկարողանան կառուցել այնպիսի ջերմատներ, որոնք կհամապատասխանեն մեր կլիմային ու ռելիեֆին»,- այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը` խոսելով Թուրքիայի հետ առեւտրային սահմանի հնարավոր բացման դեպքում մեր կողմից կիրառվող այն քայլերի մասին, որոնք կօգնեն մեզ պահպանել մեր հստակ տեղը շուկայում:


Ֆերմերի խոսքով, այս իրավիճակում մենք կհաջողենք միայն այն պարագայում, եթե ծավալենք ճշգրիտ գյուղատնտեսական գործունեություն.

«Մեր ռելիեֆն ու կլիման շատ նման են Թուրքիային, որովհետեւ պատկերացրեք՝ Հայաստանի շարունակությունն է, ուստի  անհրաժեշտ է, որ մենք եւս ճշգրիտ սուբսիդավորման քաղաքականություն վարենք եւ ամենակարեւորը հիմնենք սելեկցիոն կայաններ ու սերմնաբուծարաններ, որպեսզի մեր կլիմային բնորոշ դիմադրություն ունեցող բարձրորակ սորտեր աճեցնենք»,- ասաց նա:

Սակայն, որքան էլ կլիմաները նման են, միեւնույն է, ջերմոցները արդյունավետության տեսակետից բավականին տարբերվում են.

«Այնտեղի կլիմայի եւ արեւային անկյան տակ աշխատող ջերմոցները մեզ մոտ նույն արդյունավետությունը չեն ունենում ինչ որ իրենց երկրներում, սա վկայում է այն մասին, որ ջերմատնային տնտեսությունում մեզ պետք է 0-ից հիմնել սեփական ջերմատնային տնտեսությունների համակարգ»:

 

Իսկ թե որքանով ենք շուկայում մրցունակ Թուրքիայից ներկրվող մշակաբույսերի իրացման մասով, ֆերմերը նշեց, որ ճիշտ բրենդինգի դեպքում այն հնարավոր է.

«Այս իրավիճակում մեզ համար առաջնային պետք է լինի այն, որ ներկայանալի լինենք միջազգային շուկայում, որի համար մեզ անհրաժեշտ է կատարել ճիշտ բրենդինգ»,- ասաց Մնացականյանը։

Վերջինս, սակայն, նկատեց, որ հայկական արտադրանքն այսօր սպառման մասով զգալիորեն իր դիրքը զիջում է. «Հայկական արտադրանքը շուկայում սպառման մասով զիջում է իր բարձր ինքնարժեքով եւ որակն էլ այդքան բարձր չէ»:


Մնացականյանը նկատեց, որ գյուղմթերքի որակի եւ բարձր բերքատվության համար կարեւոր է հողերի ճիշտ մշակումը նույնպես. «Այս պահին, մեր կողմից հողերի սխալ մշակման հետեւանքով դրանք բավականաչափ դեգրադացվել են: Ցավոք, բերքատվության անկում էլ հիմա կարող ենք արձանագրել»:
 

Աննա Չիբուխչյան

1470